Մարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը։
Կարեն Ավագյանն անդրադարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին՝ տեղեկացնելով, որ 2013թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն և իրականացնում է ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մրցույթ։ Այս ծրագրի բյուջեն 200 միլիոն դրամ է։ 2013թ. հայտարարված մրցույթին դիմել էր 19 ՀԿ, իսկ 2014թ. առաջին կիսամյակում դրամաշնորհային մրցույթի հայտ է ներկայացրել 86 ՀԿ։ Ըստ ոլորտների արձանագրվել է հետևյալ պատկերը. հակածխախոտային պայքարի համար ծրագիր է ներկայացրել 30 ՀԿ, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ է ներկայացրել 23 ՀԿ, գյուղական համայնքների զարգացմանն ուղղված անվանակարգերի համար դիմել է 16 կազմակերպություն, վերարտադրողական առողջության անվանակարգերում՝ 9 ՀԿ և մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգերում ծրագրեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել 8 ՀԿ։ Մրցույթում հաղթած կազմակերպությունների անունները պարզ կդառնան առաջիկայում։ «Մեր խնդիրը մրցույթը հնարավորինս օբյեկտիվ անցկացնելն է, նախատեսված գումարները հնարավորին չափ նպատակային կիրառելն է։ Մենք ձեզ տրամադրել ենք մրցույթին դիմած ՀԿ-ների ցանկը և ակնկալում ենք նաև լրատվամիջոցների աջակցությունը։ Եթե որևէ կազմակերպության մասին որևէ արտառոց բան կնշվի, մենք անպայման հաշվի կառնենք»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ եթե նախորդ տարիներին ամբողջ գումարը հատկացվում էր հակածխախոտային ծրագրերին, ապա այս տարի միայն 100 միլիոն դրամը կուղղվի ծխելու դեմ պայքարին։ Ընդ որում, գումարը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով։
Հիմնադրամի համակարգողը հատկապես ընդգծեց, որ դրամաշնորհային հայտերի ընտրությունը կատարելիս շեշտը դրվելու է հասարակական աշխատանքի վրա։ Մեծ տեղ է տրվելու այն ՀԿ-ներին ու ծրագրերին, որոնք հիմնականում կամավոր աշխատանքի միջոցով են նախատեսում իրականացնել ծրագրերը, և ոչ թե այն ՀԿ-ներին, որոնք հայտ ներկայացնելիս մեծ աշխատավարձային ֆոնդ են սահանել։ Այդպիսով՝ փորձ է արվում նոր մշակույթ ձևավորել հասարակական աշխատանքի ոլորտում։ Նա նաև տեղեկացրեց, որ դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀԵՀ, ՀՀ նախագահի աշխատակազմի, ոլորտային նախարարությունների, ՀԿ սեկտորի, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ներկայացուցիչներ։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է հենց երիտասարդական հիմնադրամն ընտրվել նախագահի գործընկեր կազմակերպություն, բանախոսը պատասխանեց. «Երևի սա այս տարիների ընթացքում մեր աշխատանքի արդյունքում ձևավորված վստահությունն է»։
Կարեն Ավագյանը խոսեց նաև ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի արդյունքների մասին։ Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ կրթաթոշակի մրցույթին դիմել է պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1500 առաջին կուրսեցի, որոնցից 780-ը կստանան ուսման վարձի փոխհատուցում։ Նա տեղեկացրեց նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի մրցույթի տամար հատկացված 60 միլիոն դրամից, հիմնադրամն իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։ Կրթաթոշակի հատկացման մրցույթի արդյունքները պարզ կդառնան արդեն վաղը՝ մարտի 11-ին։ Ուսման վարձի փոխհատուցում ստացած բոլոր ուսանողների անունները կհրապարակվեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքում։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը բավականին մեծ հնչեղություն ունի, ուսանողներին հավաստագրերի հանձնման արարողությանը հրավիրվել են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։
Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև նոր նախաձեռնության մասին. 2014-15 ուսումնական տարվանից երիտասարդական հիմնադրամի կողմից ամբողջովին կփոխհատուցվի պետական բուհերի բակալավրիատում սովորող բոլոր այն ուսանողների ուսման վարձը, ովքեր ունեն 2 և ավելի երեխաներ։
Ասուլիսում անդրադարձ եղավ նաև 2012թ. հուլիսից իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին։ Նշենք, որ 2013թ. կրկնապատկվել է ծրագրի բյուջեն՝ դառնալով 200 միլիոն դրամ, ինչի շնորհիվ այս տարի կընդլայնվի երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ընդգրկելով նոր ուղղություններ։